Ադրբեջանին «հակաահաբեկչական պայքարի» համար ռազմական օգնության տրամադրումն աբսուրդ է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

Նարեկ Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս որոշում է կայացրել կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը և 2021թ.-ին ռազմական ուղիղ օգնություն տրամադրել Ադրբեջանին։

Սա նոր պրակտիկա չէ և 2002թ-ից կիրառվում է: Թրամփի օրոք՝ 2017-2021թթ., Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող Security Aid-ի ծավալները խիստ անհամաչափ էին՝ Հայաստանին՝ 16.1 մլն, իսկ Ադրբեջանին՝ 105. մլն դոլար:

Թե որքան կկազմի Բայդենի կողմից տրամադրվող աջակցությունը, դեռևս հայտնի չէ: Սակայն Բայդենի կողմից 907-րդ բանաձևը շրջանցելու որոշումը առնվազն հարցեր է առաջացնում, քանի որ.

- Դեռ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 16-ին, Բայդեն-Հարիս թիմը հայկական հարցերի վերաբերյալ հայտնած դիրքորոշման մեջ պարտավորվել էր «վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության աջակցությունը ՝ համոզվելու համար, որ այն չի աօգտագործվում հարձակողական միջոցների համար»:

- Հոկտեմբերի 29-ին նախագահի թեկնածու Ջ. Բայդենը դիմեց Թրամփին՝ նշելով, որ «Վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի և չսառեցնի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները՝ Ադրբեջան ռազմական տեխնիկայի մատակարարումը դադարեցնելու հետ կապված»:

- Ադրբեջանին տրամադրվող օգնության մի մասը նախատեսված է «ահաբեկչության դեմ պայքարի» համար: Արցախյան երկրորդ պատերազմից ժամանակ Ադրբեջանը բացահայտ զբաղված էր «սիրիացի ահաբեկիչների ներմուծմամբ» և այժմ նրան «հակաահաբեկչական պայքարի» համար ռազմական օգնության տրամադրումը, մեղմ ասած, աբսուրդային է: Հատկանշական է, որ, ամերիկյան կողմը պաշտոնապես հաստատել է Արցախում ռազմական գործողություններում օտարերկրյա վարձկանների մասնակցության հանգամանքը:

- ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական օգնության մի մասը նախատեսված է Ադրբեջանի սահմանապահ զորքերի համար, որոնք ինչպես հայտնի է, տեղակայված են նաև Հայաստանի հետ սահմանին, ավելին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բավական ակտիվ մասնակցություն են ունեցել: Չկա ոչ մի երաշխիք, որ Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, կամ դրա շրջանակներում իրենց «կարողությունները զարգացրած» զինվորականները չեն օգտագործվի Արցախի կամ Հայաստանի դեմ»:

--00--ԱԹ