Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ․ Մինասյանը՝ Հեքիմյանին կալանավորելու մասին

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է, և Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ։ Դատավորի և դատարանի նախագահի նման պահվածքն ակնհայտորեն վկայում են, որ կատարվում է քաղաքական պատվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայկ Հեքիմյանի կալանավորմանը:

«Երբ ծանոթանում ես որոշմանը, հասկանում ես՝ սա իրավական պետության ծաղր է: Կալանավորման հիմքերը ոչ միայն իրականությունից դուրս են, այլ նաև ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մենք գործ ունեք քաղաքական հստակ պատվեր կատարելու վիճակի հետ: Այդպիսի որոշումները չեն կարող երկար կյանք ունենալ, ավելին՝ չեն կարող սահմանափակել պայքարը, որը որդեգրվել է հանուն հայրենիքի փրկության, իսկ այն անձինք, որոնք կատարում են այս իշխանությունների պատվերը, նրանք բոլորը նույնպես դատապարտվելու են արդար դատարանների կողմից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ապրիլի 28-ին, բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

 --00—ՄՀ