Քաջարանի համայնքապետին մեղադրում են մարդու առևանգման մեջ. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Քննչական կոմիտեն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին հրավիրել է հին գործով: Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց` հրավիրվել են մի գործով, որից գլուխ չեն հանում: Նա մասնավորեցրեց` թե ինչ գործով են իրենց հրավիրում, հասկանալի չէր ինչպես դեկտեմբերին, այնպես էլ հիմա: 

Փաստաբանը տեղեկացրեց` Մանվել Փարամազյանի մեղադրանքը փոխվել է: 

«Նոր մեղադրանք կա, որով ստացվում է, թե պարոն Փարամազյանն ինչ-որ անձի առևանգում է կազմակերպել: Թե ինչ կապ ունի այս ամենի հետ պարոն Փարամազյանը՝ մեզ համար պարզ չէր ոչ դեկտեմբերին, ոչ հիմա»,- նշեց նա:

Վարոսյանի խոսքով` ակնհայտ է, որ այս գործերն ուղղորդվում են մեկ կետից. այս ամենը քաղաքական ուղղվածություն ունի: 

«Դեկտեմբերին մեզ հրավիրելը և մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով պահանջում էին վարչապետի հրաժարականը, հիմա էլ Ագարակում և Մեղրիում դեպքեր են տեղի ունեցել, վարչապետին «ջերմ ողջունել են» սյունեցիները, չգիտես ինչու՝ էլի հիշել են պարոն Փարամազյանին»,- ասաց փաստաբանը:

Նրա կարծիքով` այս պահի դրությամբ Մանվել Փարամազյանին կալանավորելու մտադրություն չկա, սակայն այսօրվա Հայաստանում ոչինչ չի բացառում:

--00--ԱԹ