Պետք է անենք հնարավոր ամենը՝ կանխելու պատմության կրկնությունը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 24,  24News

ժան ասելբորն

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին համոզված է՝ պետք է անել հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը: Այս մասին նա խոսել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում:

Ժան Ասելբորնը նշել է, որ որոշակի հանգամանքների բերումով այս տարի չի կարող ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում, սակայն վստահեցրել է՝ այսօր հայ ժողովուրդն իր սրտում է: Նա վերհիշել է երեք տարի առաջ Հայաստան կատարած այցելությունը:

«Երբ 2018 թվականի մարտին ես այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ես զգացի այն մեծ էմոցիոնալ ցավը, որն ուներ հուշարձանը: Հիշում եմ, թե ինչպես հուզվեցի Հայոց ցեղասպանության թանգարանում ցուցադրված լուսանկարներից: Այդ փորձառությունը երկարատև ազդեցություն գործեց ինձ վրա:

Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր զոհվեցին: Նրանք մեզ հիշեցնում են այն կոտորածների մասին, որոնք մարդկությունն ունակ է իրականացնել իր ամենախավար ժամանակներում: Նրանք մեզ հիշեցնում են, որ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը»,- նշել է Ասելբորնը:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ցավով է փաստել, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նման զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները շարունակվում են:

Նա իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը նոր դժվարությունների պատճառ դարձավ շատ հայ ընտանիքների համար:

«Այս պահին, երբ հայերը միավորվում են համատեղ ցավոտ անցյալի առանցքի շուրջ, ես լիահույս եմ, որ ձեր ժողովուրդը ուժ կգտնի միավորվելու և սեփական՝ խաղաղության, ժողովրդավարության և բարօրության ապագան կերտելու համար»,- եզրափակել է Ժան Ասելբորնը:

--00—ՄՀ