ՀՀ տնտեսության վերականգնումը հավանաբար կձգձգվի. տնտեսական աճը 2021-ին կլինի մոտ 1 %․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նկար

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում նշել է՝ ԱՄՀ աշխատակազմի թիմը՝ Նեյթան Փորթերի ղեկավարմամբ, աշխատակազմի մակարդակով առցանց քննարկումներ է ունեցել ՀՀ իշխանությունների հետ 2021 թվականի ապրիլի 6-21-ի ընթացքում: Հանդիպման ավարտին Փորթերը հայտարարություն է տարածել։ 

«2020 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը ծանրագույն հետևանքներ է կրել՝ պայմանավորված ԿՈՎԻԴ-19-ի համավարակով և մարտական գործողություններով: ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 7.6 տոկոսով՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների կրճատմամբ: Վերջին շրջանում պարենի համաշխարհային գների ավելացման և դրամի արժեզրկման ֆոնին՝ տարեկան գնաճն արագացել է՝ 2021-ի մարտին հասնելով 5.8 տոկոսի: Բյուջեի պակասուրդն ընդարձակվել է՝ 2020-ին հասնելով ՀՆԱ-ի մոտ 5.5 տոկոսին` խոցելի ձեռնարկություններին և տնային տնտեսություններին ցուցաբերված աջակցության և առողջապահության ոլորտում կատարված ավելի բարձր ծախսերի ազդեցությամբ և կառավարության պարտքը 2020-ի տարեվերջին հասել է ՀՆԱի մոտ 63.5 տոկոսին: Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազել է՝ 2020-ին հասնելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսին, իսկ համախառն պահուստները, թեպետ որոշ չափով պակասել են, շարունակում են բավարար մնալ:

Վերականգնումը հավանաբար կձգձգվի: Թեպետ վերականգնման տեմպի հետ կապված անորոշություն կա, ակնկալվում է, որ տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս, իսկ 2022 թվականին հնարավոր վերականգնումը՝ մոտ 3.5 տոկոս: Ակնկալվում է, որ գնաճն իր առավելագույնին կհասնի 2021 թվականի առաջին կեսին, որից հետո կնվազի՝ տարեվերջին հասնելով մոտ 4 տոկոսի, երբ այլևս չի զգացվի ներմուծվող պարենի գնաճի ժամանակավոր ազդեցությունը և վերջերս արձանագրված՝ արժույթի արժեզրկման հետևանքը: Ակնկալվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդարձակվի՝ 2021թվականին հասնելով ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսին, երբ աստիճանաբար կվերականգնվեն ակտիվությունը և ներմուծումը: Ակնկալվում է, որ պահուստների մակարդակը կմնա բավարար՝ շնորհիվ նաև այս տարվա սկզբին եվրապարտատոմսերի թողարկման: Մոտ ապագայում ավելի բարենպաստ զարգացումների հավանականությունը կարող է պայմանավորված լինել պատվաստումների գործընթացի՝ ակնկալվածից ավելի արագ կազմակերպմամբ, մինչդեռ վարակման նոր ալիքները կամ համաշխարհային ֆինանսական շուկաների անկայունության խորացումը կամ առևտրային լարվածությունները կարող են դանդաղեցնել վերականգնումը և լրացուցիչ արտաքին ճնշումներ ստեղծել:

Քաղաքականության հրատապ գերակայություններն են խոցելի տնային տնտեսությունների (ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակիչների) պաշտպանությունը, պլանավորված կապիտալ ծախսերի արագացումը և արագացված տեմպերով լայնամասշտաբ պատվաստումների կազմակերպումը, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանը: Այդ կետերը պետք է առաջնահերթություն համարվեն 2021 թվականի ծախսերի առկա փաթեթի շրջանակներում: 2021 թվականի բյուջեի պակասուրդը՝ ՀՆԱ-ի 5¼ տոկոսի չափով, հավուր պատշաճի հավասարակշռում է աջակցության քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը և իշխանությունների պարտքի կայունության նպատակը: Եթե չլինեն մակրոտնտեսական նոր կտրուկ ցնցումներ, ապա ընթացիկ ծախսերի հետ կապված բոլոր այլ 3 նախաձեռնությունները պետք է իրականացնել 2020 թվականին հաստատված բյուջետային փաթեթի սահմաններում՝ վերանայելով առաջնահերթությունները:

Ինչ վերաբերում է ապագային, ապա իշխանությունները պետք է միջնաժամկետ հատվածում պահպանեն ամուր ֆիսկալ շրջանակ, որի հիմքում պետք է դրված լինեն հարկային բազայի ընդլայնման միջոցառումները, ինչպիսիք են օրինակ շրջանառության և բնապահպանական հարկերի բարեփոխումները և եկամտահարկի հայտարարագրերի համակարգը, ինչպես նաև ընթացիկ ծախսերի զսպումը՝ պարտքի կայունության՝ իշխանությունների որդեգրած նպատակին համահունչ, այն է՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2026 թվականի տարեվերջին հասցնել 60 տոկոսից ցածր մակարդակի: Այդ միջոցառումները խիստ կարևոր են՝ հետագա առաջնահերթ սոցիալական ծախսերի և զարգացման ծրագրերի համար բավարար ռեսուրսներ ապահովելու նպատակով: Պետք է շարունակվեն ֆիսկալ համակարգի կատարելագործման ուղղությամբ ջանքերը՝ ներառյալ ֆիսկալ ռիսկերի մոնիթորինգի ընդգրկման ընդլայնումը, շինարարության համար պատրաստ հանրային ներդրումների ծրագրերի ընթացիկ փաթեթի ձևավորումը, ինչպես նաև ՊԵԿ-ի հարկային կարգապահության ռազմավարության իրագործումը:

Հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործումն առաջնահերթություն է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ աճի համար անհրաժեշտ որակյալ ենթակառուցվածք ապահովելու նպատակով: Թեպետ ընթացքի մեջ գտնվող առաջնահերթ ծրագրերը պետք է առաջ շարժվեն առանց ուշացումների, որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ՝ հանրային ներդրումների վերաբերյալ որոշումների պատշաճ գնահատումը ապահովելու համար: Մասնավորապես, բոլոր ծրագրերի (այդ թվում՝ ՊՄԳ-ների) գնումները, կառավարումը, իրագործումը և վերահսկողությունը պետք է լինեն արդյունավետ, թափանցիկ և արդար բոլոր ծրագրերի և մատակարարների նկատմամբ:

Դրամավարկային քաղաքականությունը շարունակում է պատշաճ մնալ: ՀՀ ԿԲ-ն նախաձեռնողաբար գործեց՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը 100 բազիսային կետերով 2020 թվականիի դեկտեմբերին և լրացուցիչ 25 բազիսային կետերով 2021 թվականի փետրվարին՝ ակնկալելով որ գնաճն ավելանալու է՝ պայմանավորված պարենի համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ և դրամի արժեզրկմամբ: ՀՀ ԿԲն պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճի հեռանկարին և պատրաստ մնալ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելու դրամավարկային քաղաքականությունը՝ թույլատրելով, որպեսզի փոխարժեքը կատարի ցնցում կլանելու իր գործառույթը: Թեպետ ֆինանսական հատվածի լարվածության որևէ նշաններ չկան, սակայն համավարակի հետևանքները դեռևս շարունակում են ի հայտ գալ՝ ընդգծելով , որ ՀՀ ԿԲ-ն պետք է շարունակի զգոնություն ցուցաբերել իր կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության շրջանակում` անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նպատակով: Չնայած 4 որ չաշխատող վարկերն ավելացել են՝ հունվարին հասնելով 7.3 տոկոսի, բանկերը մնացել են լավ կապիտալացված և իրացվելի:

Պետական կառավարման հետագա կատարելագործումը և գործարար միջավայրի և ֆինանսավորման հասանելիության բարելավումը շարունակելու, ինչպես նաև տնտեսական ներառականությունն ավելացնելու նպատակներ հետապնդող կառուցվածքային բարեփոխումները պետք է արագացնել, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում ապահովել ավելի արագ, ներառական և մասնավոր հատվածով պայմանավորվող աճ:

Առաքելությունը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների հանձնառու վերաբերմունքն ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի նկատմամբ, որը երրորդ հերթական ստուգման դրությամբ ընթանալիս է եղել նախատեսված հունով: Ինչ վերաբերում է այդ ստուգմանը հաջորդած ժամանակաշրջանին, ապա կատարվել են քանակական կատարողականի՝ դեկտեմբերի դրությամբ նախատեսված բոլոր չափորոշիչները, իսկ կառուցվածքային հենանիշների հետ կապված գործողությունների ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ