Վստահ եղեք, որ բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ․պինդ եղեք․ նախագահը՝ զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ աշխատանքային այցով այսօր ժամանել է Սյունիքի մարզ։

Նախագահն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ:

Հանրապետության նախագահը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մի քանի անգամ եղել է այս հատվածում, որտեղ տղաները դժվարին պայմաններում իսկապես հերոսական ծառայություն են իրականացնում։

«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և, հետևեք ձեր առողջությանը։ Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար, -ասել է Հանրապետության նախագահը և բոլորին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթել։ -Ես հրամանատարի հետ էի խոսում, շատ բարձր կարծիքի է ձեր մասին։ Այսօր նրա գովեստի խոսքերը ձեր մասին ընդունում եմ որպես գնահատական և ձեզնից յուրաքանչյուրին կրկին մաղթում եմ ամրություն։ Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»:

--00—ՄՀ