Կապանում ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում Սիսիանի բնակիչներից մեկը ոստիկանության Սիսիանի բաժնում  հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնելու դեպք։ Հրազենը, փամփուշտներով հանդերձ, բաժին էր բերել Կապանում բնակվող մի տղամարդ։ Տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներն ու պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակը կամավոր հանձնել է մի տղամարդ՝ շնորհիվ Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Բաժնում կամավոր հանձնել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու «ՏՕԶ» հրացան։ Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք է արձանագրվել։ Հանձնվել են  «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչներով  նռնակներ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ։

Կարճեցված փողով «ԻԺ» հրացանն ու ինքնաձիգի փամփուշտները  ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է Ջերմուկի մի բնակիչ։ Էջմիածնում բնակվող մի տղամարդ էլ կարճեցված փողով հրացան ու ինքնաձիգի փամփուշտներ է կամավոր հանձնել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի և Էրեբունու բաժիններում։

Մասնավորապես, Մաշտոցի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Էրեբունիում՝ թմբուկավոր ատրճանակի, նռնակի, ինքնաձիգի պահունակների և փամփուշտների հանձնման դեպքեր են գրանցվել։ Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00--ԱԹ