«Մեդիա պաշտպանը» դատապարտում է լրագրողի նկատմամբ արցախցի պատգամավորի եղբոր հարձակումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

նկար

Արցախից լրագրող Մարատ Եգանյանը հայտնում է, որ իր տան վրա հարձակում է տեղի ունեցել ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։

Մարատ Եգանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ՝ նշելով, որ պատճառը իր կողմից ղեկավարվող ֆեյսբուքյան խմբում տեղ գտած գրառումն է։

Ըստ «Մեդիա պաշտպան»-ի՝ լրագրողը «Դեսերտիրներ» խմբի մոդերատոր է, որտեղ տարբեր քաղաքացիներ հայտնում են այն մարդկանց անունները, որոնք պատերազմի օրերին փախել են ծառայությունից։ Այդ խմբում գրառում է հայտնվել նաև պատգամավորի մասին։ Այդ գրառումից հետո զանգել են լրագրողին:

«Ես այդ պահին չգիտեի, որ այդպիսի գրառում է հայտնվել խմբում։ Տեղեկացա գրառման մասին, զանգահարողը պատգամավորի եղբայրն էր։ Նա ցանկանում էր, որպեսզի գրառումը հեռացվի»,-  աղբյուրի հետ զրույցում նշել է Մարատը։ Նրա խոսքով՝ հանդիպում է տեղի ունեցել իր և Տիգրան Հարությունյանի միջև, որտեղ Տիգրան Հարությունյանը նշել է, որ ծառայել է հրետանիում, որից հետո տեղափոխվել է պահեստներ։ Մարատն այդ լուրը հայտնել է խմբում գրառում կատարողին, ով արդեն պատրաստվել է հեռացնել գրառումը:

«Ինձ հերթական զանգը եկավ, և միանգամից սպառնալիքներ, այդ զանգից հետո ես խնդրեցի հեղինակին, որպեսզի նա չհեռացնի գրառումը։ 10 րոպե հետո իմ տան դռների մոտ հայտնվեց Տիգրանը, ես նրան դուրս հրավիրեցի, նա սկսեց հայհոյել, ես կրկին դուրս եկա տնից, նա փախավ»,- պատմում է Եգանյանը։ Լրագրողի խոսքով, նա կրկին վերադառնում է ու քարեր է նետում տան ուղղությամբ։

«Ընդհարումից հետո ոստիկանությունը եկավ, երկուսիս էլ տարան ոստիկանություն, այնտեղ բացատրույթուն տալուց հետո երկուսիս էլ բաց թողեցին»,- նշել է լրագրողը։

Միջադեպից հետո Մարատը գրառում է կատարել, այդ հոդվածի հետքերով սպառնալիքները շարունակվել են։  «Սպառնալիքներով այս ամենը չավարտվեց, նրանք շարունակեցին հարձակվել իմ տան վրա և հետո՝ նաև իմ։ Ես վնասվածքներ ունեցա, հեռախոսս վնասվեց», - նշել է Մարատը։

«Մեդիա Պաշտպանը» նշում է՝ Մարատը մեծ հույս չի կապում ոստիկանության հետ։ Ոստիկանները պարբերաբար նշել են, որ այդ ամենը այլևս չի կրկնվի։ Ըստ լրագրողի, ոստիկաններն ամեն ձև փորձում են պատասխանատվությունից ազատել այդ մարդուն ․ «Մինչև հիմա քրեական գործ հարուցված չէ»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ հարձակումը։ Նման դեպքերը պետք է տեղ չունենան մեր հասարակությունում։ Խոսքի ազատությունը չպետք է բռնության ենթարկվի։ Նախաձեռնությունը Արցախի ոստիկանությունից պահանջում է այս դեպքը, իրենց բնորոշմամբ՝ ծածկադմփոց չանել, չսատարել լրագրողի տան վրա խուլիգանական հարձակում գործած անձին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռությունն իր աջակցությունն է հայտնում Մարատ Եգանյանին և պատրաստ է ներպետական և միջազգային օրենքներով թույլատրելի միջոցներով սատարել։

--00—ԼՄ