Գործող իշխանությունը շատ կուզենար գերիներին հետ բերել, բայց չի կարողանում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Իհարկե, Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունը շատ կուզենային գերիներին հետ բերել, մեծ շուքով ու հանդիսավորությամբ հանձնեին իրենց հարազատներին։ Դա ընտրությունների շեմին ամենաազդեցիկ դերը կխաղար՝ որպես փիառ-քայլ, և որոշակիորեն կթուլացներ ներքաղաքական լարվածությունը։ Բայց միշտ չէ, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են, և լավ բանի ձգտումը դեռ չի նշանակում, որ ունակ ես լավ բան անելու։

Ավելին՝ գերիների ու անհետ կորածների շուրջ արդեն 5 ամիս ծավալվող իրադարձությունները դաժան վկայությունն են այն բանի, որ գործող իշխանություններն անկարող են լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները՝ հատկապես մեր հասարակությանը հուզող, մեզ համար կենսական խնդիրները։

Անշուշտ, ժամանակն է, որ երիտասարդ իշխանավորներն այս պարզ և անխուսափելի ճշմարտությունը խոստովանեն և փորձեն իրենց տեղը զիջել առավել կարող և պատասխանատու անձանց։ Բայց նրանք շարունակում են ձևացնել, թե խնդիրն իրենց անկարողությունը չէ։ Որ երեք տարին բավարար չէ իրենց ոչ կոմպետենտության, իրենց ձախողման մասին համոզվելու համար։ Համոզում են, որ հայ ժողովրդի արգանդը չորացել է, և իրենցից լավերը չկան ուղղակի։

Ավելին՝ փորձում են ներշնչել հասարակությանը, որ եթե իրենք զիջեն պետության կառավարումը, այ, այդ ժամանակ վրա կհասնի աղետը, որը, պարզվում է՝ պատերազմը չէ, ոչ էլ 5 հազար լույս ճառագող զոհերը, ոչ էլ մի քանի հարյուր գերեվարված ու դեռևս խոշտանգվող մեր երեխաները։ Ոչ էլ երկրի կաթվածահար տնտեսությունը, արտագաղթի ճամփան բռնած մարդիկ և այլն։ Այդ աղետը կոռուպցիան է՝ թալանը, որը կապվում է իշխանության ձգտող քաղաքական ուժերի անվան հետ, և որի մասին 3 տարվա ընթացքում մեզ ոչ մի փաստացի ապացույց այդպես էլ չներկայացրին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ