«Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

․

Քիչ առաջ կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր»  կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ: Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց և այս պահին նշված վայր է  ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի  9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:

Այս պահին Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել  է կրակված գնդակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի հոգեհանգստի արարողությանը:

--00--ԱՀ