Հայաստանն օժանդակություն կստանա ՄԻԵԴ հրապարակած որոշ վճիռների կատարման հարցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Կիրակոսյան Եղիշե

Այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը։ Ծրագրի մասին հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված այն վճիռների կատարման հարցում, որոնցով արձանագրվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Այդ վճիռների կատարումը ենթադրում է արդարադատության մատչելիության բարելավում, ազգային դատարանների կողմից վճիռների չկատարման կամ ուշացումով կատարման կանխարգելում, դատական քննության ժամկետների կրճատմանն ուղված միջոցառումների մշակում:

Ծրագիրը միտված է նաև օժանդակելու Հայաստանի Վճռաբեկ դատարանին՝ ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցության արդյունավետ ընթացակարգեր մշակելու հարցում, մասնավորապես, ՄԻԵԿ 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքների ստացման կապակցությամբ։

Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա կարևորել է այս միջոցառումը ՀՀ վերաբերյալ հրապարակված ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի խախտումներ արձանագրող վճիռների կատարման առկա վիճակի և հիմնական մարտահրավերների վերաբերյալ համապարփակ ելույթներով են հանդես եկել Գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և Գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանը։

Միջոցառման մեկնարկից անմիջապես հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի Ղեկավար հանձնաժողովի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ծրագրի աշխատանքային պլանը և մեթոդները։

Ծրագրի շահառուներն են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ վճռաբեկ դատարանը։

--00--ԱԹ