Տավուշի նոր մարզպետին մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել նախարար Պապիկյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

1

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին:

Հանդիպմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի և հատկապես՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում սահմանամերձ մարզի առջև ծառացած մարտահրավերների լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար։

Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Հայկ Չոբանյանին նույնպիսի կարևորություն ունեցող կառավարման ոլորտում ստանձնած աշխատանքներում։

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է պետության համար այս բարդ ժամականերում պետական կառավարման բոլոր օղակների համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։

«Մեր պետականության առջև ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ ավելի ամուր և տոկուն։ Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք, որոնց համար մեզ պետք է աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն և կամք»,- նշել է նա։

Շնորհավորելով մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Իջևանի քաղաքապետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար և վստահություն հայտնել, որ ՏԻ համակարգում կառավարման փորձը և մարզում արդեն իսկ ստեղծված ձեռքբերումները լավ նախադրյալներ են հետագա արդյունավետ աշխատանքների համար։

«Տավուշի մարզին ծառայությունը ծառայություն է սահմանում»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը և նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ:

ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը, բարձր գնահատելով 2 տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքները, նոր ձեռքբերումներ է մաղթել մարզին՝ նորանշանակ մարզպետի գլխավորությամբ:

Մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ տեղեկացված է մարզի խնդիրներից և համոզված է, որ դրանք համաստեղ աշխատանքի արդյունքում կկարողանան հաղթահարել։

--00—ԼՄ