Շիրակի մարզում գողացել են գերեզմանների ճաղավանդակներն ու շիրմաքարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հասարակական

Արդեն տևական ժամանակ է, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Գագիկ Խաչատրյանը իր հասակակից մի քանի ընկերների հետ հսկողություն են իրականացնում գյուղի գերեզմանոցում, որպեսզի ինչ-որ տականք կամ տականքներ հերթական վանդալիզմն ու սրբապղծությունը չկատարեն ննջեցյալների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Երեկ՝ ապրիլի 7-ին լրագրողի հետ զրույցում  Գ. Խաչատրյանն ու նրա հետ հսկողություն իրականացնող համագյուղացներն ասում էին. «Ննջեցյալների գերեզմանների ճաղավանդակները հանել, տարել են: Տականքը կամ տականքները գողացել են անգամ շիրմաքարը: Եթե մենք հայտարարում ենք, թե ադրբեջանցիներն ու թուրքերը պղծել են հայերի գերեզմանները, ջարդել շիրմաքարերը, եկեղեցիներն ու մատուռները, բա սրա մասին ի՞նչ ասես: Սա էլ հո ադրբեջանցին ու թուրքը չի, մեր միջի թուրքն է սա: Սրան վանդալիզմ ու սրբապղծություն անունը պետք է տանք:

Մարդ ինչ աստիճանի տականք լինի, որ Ղարաբաղում հայրենիքի համար վիրավորված տղայի պապիկի ու տատիկի գերեզմանն էլ թալանեն: Ինչ աստիճան ստոր լինեն, որ շիրամաքար գողանան: Զանգել եմ Շիրակի մարզպետ Հարությունյանին, տնաշենը ոչ գվաց, ոչ բվաց: Եթե Մարալիկի ոստիկանները չբացահայտեն ու հայտնաբերեն այս սրբապիղծներին, դիմելու ենք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Այլ ելք չկա: 

Օրեր շարունակ հսկողություն ենք իրականացնում, բայց հո ամեն օր չենք կարա, մենք էլ տարիքն առած մարդիկ ենք, մեր սիրտն էլ է  ցավում էս ամենի համար: Ինչ է, ոստիկանությունը չ՞ի կարող սրա դեմն առնել: Մարդ մի հատ հավ է գողանում, մի օրում գտնում, ի լուր հայտարարում են, թե՝ տեսեք, տեսեք, ձու ածող հավ գողացողին բռնել ենք:  Բա էս վանդալիզմի հեղինակներին խի՞ տենց տաք-տաք հետքեով չեք բռնում: «Արմենիա»-ով հեռարձակվող «Սուր անկյուն»  հաղորդաշարով տեսանք, որ քանի գերեզմաններ են թալանել: Որ էդ գերեզմանների գողին բռնեին, վստահ ենք, որ  սրբապղծությունը  չէր հասնի մեր գյուղ: Մեր գյուղացին թասիբի համար մեռնող է: Սա ուրիշ մարդու գործ է: Ոստիկանությունը մռքին դնի,  կգտնի այդ տականքներին, ինչը դաս կլինի, որ նմանատիպ դեպքեր տեղի չունենան:

Դրանց պետք է բռնեն ու բերեն գյուղ, հենց  գերեզմաններում  էլ դատ ու դատաստան տենան: Եթե, էլի ենք ասում,  կարճ ժամանակում դրական արդյունք չեղավ, թող հետո չասեն, թե մենք դիմեցինք այլ միջոցների: էս հանցագործությունը  բացահայտելը նաև ոստիկանների թասիբի հարցն է: Չես կարող ասել, որ մի օր էլ ականատես չենք լինի որ հենց ոստիկանների հարազատների գերեզմաններն են վանդալիզմի ենթարկվում»:    

Աղբյուրը հայտնում է, որ նշված գյուղը գտնվում է ոստիկանության Մարալիկի բաժնի հսկողության տակ ու հիմա տեղի ոստիկանները իրենք պետք է միջոցներ ձեռնարկեն՝ վանդալիզմի հեղինակին կամ հեղինակներին հայտնաբերելու  ուղղությամբ: 

--0--ԿԿ