ՌԴ նախագահի հետ պայմանավորվել ենք գերիների մասով իրականացնել ինտենսիվ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ և ներկայացրել ՌԴ նախագահի հետ հանդիպման մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

«Քննարկել ենք նաև գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որտեղ է, որ ունենք լիարժեք համընկնող տեսակետներ, որտեղ է, որ պետք է տեսակետները նույնականացնելու ուղղությամբ աշխատենք:

Այնպես որ այսօրվա քննարկումը շատ արդյունավետ եմ համարում: Մեր քննարկումների օրակարգն այնքան լայն է, որ հնարավոր է ինչ-որ բան բաց թողնեմ, բայց հետագայում անպայման կանդրադառնամ դրանց: Մի բան ակնհայտ է` հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է և այդ ռազմավարական համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել` նաև հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու այն իրավիճակները, որ մենք ունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան գերիների վերադարձի հետ կապված հարցի` վարչապետն ընդգծել է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ գերիների հետ վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և այս ուղղությամբ ևս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՌԴ նախագահի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ:

--00--ԱՀ