Հիմա էլ հաճախորդների մասին տեղեկություններն են կենտրոնացնո՞ւմ ԿԲ-ում․ Կարեն Ճշմարիտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

10

Արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով բանկերին լիցենզիա տրամադրելու գործընթացին։

Գրառումը՝ ստորև.

«Վավերացնե՞լու եք...

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեե՞ստր, լու՞րջ...

Ավելի ազնիվ չի լինի՞ հայտարարել, որ այլևս Հայաստանում մասնավոր բանկեր չկան, և որ բոլոր մասնավոր բանկերն այսուհետ ԿԲ-ի մասնաճյուղերն են:

Ի՞նչ կենտրոնացված ռեեստր, ինչի՞ համար...

Ի՞նչ են ուզում բանկերից, թե՞ ևս մեկ չփլուզված համակարգ են գտել:

Այդ ո՞ր տեղեկություններն են, որ օրենքի պահանջով երբևէ բանկերը մերժել են, ուշացրել են կամ հրաժարվել են տրամադրել: Գեթ մեկ նման դեպք առկա՞ է: Կամ Հայաստանյան բանկերով փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման քանի՞ դեպք է արձանագրվել:

Այսինքն՝ բացի այն բանից, որ լիցենզիա են տալիս բանկերին, ամեն քայլը վերահսկում, հիմա էլ հաճախորդների մասին տեղեկություններն են կենտրոնացնո՞ւմ ԿԲ-ում:

Հայտնի չէ, գիտակցված են անում, թե՞՝ ո՛չ, բայց որ ներդրումների այս հատվածով կարելի է այլևս չանհանգստանալ, դա փաստ է, որովհետև դրանք վերջնական զրոյանալու են: Չի կարելի բացառել նաև որոշ ներդրումների հնարավոր փախուստը:

Հետաքրքիր է՝ Հայաստանյան մասնավոր բանկերը համաձա՞յն են, որ իրենց բոլոր հաճախորդների բանկային հաշիվների մասին ամբողջական տվյալները ԿԲ-ում կենտրոնանան, և այնտեղ նստած որևէ ՏՏ մասնագետ, ինչ ցանկանա, երբ ցանկանա, ում ցանկանա, մի հատ «ֆլեշկա»-ով փոխանցի:

Թե՞ թուրքական հատուկ ծառայությունների և այլ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամ կազմակերպությունների համար «Մեկ պատուհանի սկզբունք» են ապահովում:

Հիմնավորումն էլ՝ «կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրից է...», մենք մեղք չունենք: Անունը դնում են «կոռուպցիայի դեմ պայքար», և սուզվող երկրի գլխից ևս մի ծանր գործիքով սեղմում դեպի հատակը: Դա բավարար չէ, մի բան էլ լրացնում են, թե իբր «...նորարարական գաղափարների...» համար հող ենք նախապատրաստում: Հետաքրքիր է՝ ո՞ր գաղափարների՝ տոտալ գլոբալիստակա՞ն...

Իսկ երկրի ֆինանսական անվտանգությո՞ւնը, իսկ բանկային գաղտնի՞քը, իսկ մասնավոր բանկերի ինքնուրույնությունն ու նրանց տարածաշրջանային մրցունակության ապահովումը: Սրանք անպետք և անկարևոր գործառույթնե՞ր են: Ժամանակին տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածվելու հավակնություններ կային, ի՞նչ եղան:

Աշխարհով մեկ փող լվացողներն են անհա՞յտ, թե՞ ահաբեկչություն ֆինանսավորողները: Անհա՞յտ են, հաստա՞տ... Թուրքիան ու Ադրբեջանը այլևս չկա՞ն...

Տեղեկություններ չունե՞նք, տեղյակ չե՞նք...

Պատերազմներն ովքե՞ր են հրահրում, ովքեր են փողեր լվանում, ֆինանսավորում, անհա՞յտ են` Մարս մոլորակի՞ց են: Իսկ միգուցե պայմանական «Բիթքոյնը» չի վերահսկվում նրանց կողմից, ովքեր փաստացի հովանավորում են այդ ամենը:

Լավ, ինչքա՞ն կարելի է ձև անել...

Նաև հեղինակներին հիշեցրեք, որ Հայաստանը ոչ Մալթա է, ոչ Չեխիա է, ոչ Իսպանիա է, ոչ էլ առավել ևս Ֆրանսիա կամ Ավստրիա:

Եթե աչք ծակող այլ տարբերությունները մի կողմ թողնենք, ապա կարելի է ընդգծել, որ, համենայն դեպս, նշված երկրները վերջին երեք տարում ինքնաոչնչացման ուղին չեն բռնել, և իրենց պետություններն այսչափ չեն խարխլել:

Եվ կարիք չկա պարբերաբար փորձել սեփական արտադրության «Երազ»-ի վրա «Ռոլս Ռոյսի» շարժիչ հարմարեցնել:

Կամ մտածված վատ բան են անում, կամ էլ հոգնել են տղաները՝ ակնհայտ տեղապտույտի մեջ են»:

--00—ԼՄ