Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իր անունով. Los Angeles Times

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի այս ամիս՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածից շուրջ մեկ դար անց կատարվածը կոչել ճշգրիտ եզրույթով՝ ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Los Angeles Times-ի խմբագրականում:

«Զարմանալի է, որ հայերի հետ տեղի ունեցածը «ցեղասպանություն» եզրույթով անվանելու հարցն անգամ քննարկման է դրվում»,- գրում է Los Angeles Times-ը՝ տեղի ունեցածն անվանելով «մարդկության դեմ գործված հանցագործություն, որի ցավը պատմության ընթացքում ավելի է տարածվում, քանի որ կառավարությունները հապաղում են ճանաչել այն»:

Պարբերականը նշում է, որ Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայում բնակվող հայերի թիվը շուրջ 2.1 միլիոնից նվազեց՝ դառնալով մի քանի հարյուր հազար: Los Angeles Times-ն ընդգծում է, որ թեպետ թուրքական կառավարությունը, որը շարունակում է հերքել իրականացված ոճրագործությունը, պնդում է, թե կատարվածը պատերազմի հետևանք էր և մահացել են ոչ միայն քրիստոնյա հայերը, այլև հրեաներ ու մուսուլմաններ, սակայն իրականում հայերը թիրախավորվել են իրենց էթնիկ պատկանելության պատճառով:

Համեմատական տանելով հրեաների դեմ իրականացված ցեղասպանության հետ՝ պարբերականը նշում է, որ սա նույնն է, եթե կատարվածը վիճարկվի՝ ասելով, թե «ամեն բան այդքան վատ չէ, այլ մարդիկ ևս մահացել են»: «Դա վիրավորանքի աստիճանի անհեթեթություն է»,- գրում է Los Angeles Times-ը:

Պարբերականը նշում է, որ թեպետ թուրքական կառավարությունը շարունակում է համառորեն հերքել կատարվածը, աշխարհի շատ երկրներ արդարացիորեն ճանաչում են՝ պաշտոնական դիրքորոշում ընդունելով և տեղի ունեցածը «Հայոց ցեղասպանություն» անվանելով:

Los Angeles Times-ը նշում է, որ ԱՄՆ դեպքում հարցը հատկապես սուր է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ  Թուրքիան այդ երկրի համար ռազմական դաշնակից է, թուրքական Ինջիրլիքում տեղակայված է ամերիկյան ռազմաբազա: Այդուհանդերձ, թուրք-ռուսական հարաբերություններով պայմանավորված՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին վատացել են: Դրա արդյունքում էր, որ ԱՄՆ Սենատը 2019 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականություն որոշողը Սպիտակ տունն է:

Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման ոսկե հնարավորություն ուներ կատարելու նախընտրական խոստումն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ճանաչելու պատմական փաստը: Այդուհանդերձ, Օբաման վերջին պահին հետքայլ արեց և փոխարենն օգտագործեց Ցեղասպանության համար հայերենում օգտագործվող «Մեծ եղեռն» եզրույթը: Նույնն արեց նաև հաջորդ նախագահի՝ Դոնալդ Թարմփի վարչակազմը:

Los Angeles Times-ը նշում է, որ նախագահի պաշտոնը ստանձնած Բայդենը ԱՄՆ արտաքին քաղաքականությունը խորապես ու ամենալայն իմաստով ըմբռնող եզակի նորընտիր նախագահներից է՝ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշից հետո: «Սակայն նա ևս իրեն դրսևորել է որպես չափավոր պրագմատիստ: Անկասկած, արտաքին քաղաքականությունը կարող է լինել որպես բազմաչափ շախմատային խաղ, որի գաղափարը ոչ թե անպայմանորեն հաղթելն է, այլ համոզված լինելը, որ հակառակորդդ տանուլ է տալիս: Սակայն այստեղ կարևոր է ճշմարտությունը և պատմության արդար ճանաչումը: Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իր անունով»,- ասվում է Los Angeles Times-ի խմբագրականում:

 --00—ՄՀ