ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Պատերազմի ժամանակ Թուրքիան նորից իր դեմքը ցույց տվեց։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարությանը։
«Շատերը, գուցե, մոռացել էին նրա դեմքը, բայց նա նորից ցույց տվեց, հետևաբար, պետք է շատ խելացի, իրատեսական քաղաքականություն վարենք, երբևիցե չմոռանանք՝ ում հետ գործ ունենք»,-ասել է ԱՀ ԱԳ նախարարը և ընդգծել, որ ճիշտ է, ուզում ենք տարբեր երկրների հետ հարաբերություններ լավացնել, բայց այլ հարց է՝ այդ երկրներն ուզո՞ւմ են մեզ հետ հարաբերություններ լավացնել և ի՞նչ գնով են ուզում դա անել։
Դավիթ Բաբայանը նաև կարծում է՝ ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում։
«Թուրքիան եղել է և կմնա հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը: Դրա մասին իրենք են հայտարարել․ դրանք իմ ասածը չէ, պաշտոնական Անկարայի ու Բաքվի հայտարարություններն են և ոչ միայն հայտարարությունները, այլև՝ գործողությունները», - ասել է Դավիթ Բաբայանը:
--00—ԼՄ