Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի արարողություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

․

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվել է Ոտնլվայի արարողությունը:

Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգակցության ներքո լվացել և յուղով օծել է մի շարք հայորդիների ոտքեր: Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ մայոր Ստեփան Ալեքսանյանը և սերժանտ Արթուր Իգիթյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Նարեկ ուրարակիր Մարկոսյանը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Սարո Արթենյանը և Նորայր Պետրոսյանը, Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած քաջարի հայորդիների զավակներից Նարեկ Աբրահամյանը, Ավետիք Վարդանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Սահակ Անդրեասյանը, Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սան Սամվել Ադոյանը, ինչպես նաև այլ մանուկներ՝ Մհեր Կոնդյանը, Դավիթ Կուզիկյանը և Դավիթ Թադևոսյանը։ 

Արարողությունն ամփոփվել է Ավետարանի ընթերցմամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով, որից հետո օրհնված յուղը բաժանվել է ներկա հավատացյալներին:

--00--ԱՀ