Շիրակը մեծ հեռանկարների մարզ է, ունի ներուժ, որի օգտագործումը պետք է առաջնային լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր՝ մարտի 31–ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. քննարկվել են առեւտրատնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Հովհաննես Հարությունյանը խոսել է երկու երկրների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների մասին, մասնավորապես, ընդգծելով Շիրակի մարզում ռուսական կողմի ընդգրկվածության ու ներկայության մասին։

«Բարով եք եկել Շիրակի մարզ, վստահ եմ շատ լավ գիտեք մեր մարզի մասին։ Շիրակի մարզը հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից է, ՌԴ մի շարք երկրամասերի հետ ունի համագործակցության բավական փորձ, որն առավել ամրապնդելու եւ գործնական դարձնելու անհրաժեշտություն ունի։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ապակենտրոնացված համագործակցության լուրջ արդյունքների։ Հայտնում եմ մեր պատրաստակամությունը լիազորությունների եւ հնարավորությունների շրջանակում համագործակցելու եւ նոր ծրագրեր իրականացնելու առումով»,- ողջունելով դեսպանին՝ նշել է Շիրակի մարզպետը։

Իր հերթին էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է շնորհակալություն հայտնել անմիջական ընդունելության համար եւ հաստատել համագործակցության խորացման անհրաժեշտությունը․ «Շիրակը մեծ հեռանկարների մարզ է, ունի ներուժ, որի օգտագործումը պետք է առաջնային լինի մեզ համար»։

--00--ԱՀ