Հայաստանը ներկայացնող զույգին թույլ չեն տվել մասնակցել գեղասահքի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը չի մասնակցել Ստոքհոլմում մարտի 22-28-ն անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությանը, թեև նրանք մեկնել էին մրցավայր: Պատճառն այն է, որ վերջին պահին նրանց կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ունեցել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ դա սխալմունք էր:

«Ո՛չ, մենք լավ չենք:

Սա այն ճանապարհը չէ, որով ցանկանում էինք մեր մրցաշրջանն ավարտվել, և ոչ այն չէ, ինչ մեզանից յուրաքանչյուրն ակնկալում էր Շվեդիա գալիս: Մենք ցավ ենք ապրում, կոտրված սրտով և հավատով: Մինչ չմշկորդները տոնում են, մենք ափսոսում ենք:

Չնայած մենք չէինք կարող աշխարհին ցույց տալ, թե որքան առաջ ենք անցել, այդուհանդերձ, կցանկանայինք շնորհակալություն հայտնել մեր ֆեդերացիային, ընտանիքին և ընկերներին և մեր մարզող թիմին դժվար պահին աջակցելու համար»,-տեսանյութին կից գրել է Թինա Կարապետյան, իսկ տեսանյութում նա նշում է, որ «խլել են իրենց օլիմպիական երազանքը»:

«Առանց բացատրության՝ թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը և նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու մեր իրավունքը»,- ասել է Թինա Կարապետյանը:

--00—ԼՄ