«Նրա պրոֆեսիոնալ աշխատանքը լուրջ ներդրում էր փաստահավաքման հարցում». ՀՀ ՄԻՊ-ը՝ ԱՀ ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նկար

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է Գեղամ Ստեփանյանին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Թաթոյանը նշել է, որ այս պատերազմի ողջ ընթացքում պարոն Ստեփանյանի զօրուգիշեր պրոֆեսիոնալ աշխատանքը լուրջ ներդրում էր ադրբեջանական զինված ուժերի էթնիկ զտումների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար փաստահավաք աշխատանքների հարցում:

«Ի սրտե շնորհավորում եմ Գեղամ Ստեփանյանին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արցախում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատութունը արցախահայության իրավունքների համար իրավական արդարացի պահանջատիրության խորհրդանիշ է, ժողովրդավարության ցուցիչ:

Չնայած ռազմական գործողությունների դադարին` ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ագրեսիվ քաղաքականությունը և ցեղասպանության բացահայտ հռետորաբանությունը ստիպում են գործել գիտակցումով, որ պատերազմական վիճակը չի դադարել: Ուստի, պետք է գործել չդադարող եռանդով` իրավունքների բոլոր խախտումների հետևողական արձանագրումները շարունակելու, Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար:

Այս պատերազմի ողջ ընթացքում պարոն Ստեփանյանի զօրուգիշեր պրոֆեսիոնալ աշխատանքը լուրջ ներդրում էր ադրբեջանական զինված ուժերի էթնիկ զտումների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար փաստահավաք աշխատանքների հարցում:

Համոզված եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Գեղամ Ստեփանյանը իր աշխատակազմի կայացած, պրոֆեսիոնալ թիմով գործելու է հենց այս սկզբունքով: Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմի անունից հայտնում եմ ամբողջական պատրաստակամություն շարունակելու մեր համատեղ աշխատանքները՝ հանուն Արցախի ժողովրդավարության և յուրաքանչյուր բնակչի իրավունքների երաշխավորման», - նշված է ուղերձում:

--00—ԼՄ