Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

ՄԱԿ ՄԻՊ

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդի՝ Սիրիային վերաբերող բանաձևին, որ ընդունվել է մարտի 24-ին` Մեծ Բրիտանիայի, ԵՄ անդամ երկրների, Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի և Քուվեյթի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Ռուսական պատվիրակությունը, որ մասնակցում է Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նիստին, Սիրիայի վերաբերյալ բանաձևը գնահատել է «չափազանց կողմնակալ»: ՌԴ պատվիրակության անդամ Դմիտրի Վորոբյովը, ելույթ ունենալով, հայտարարել է, որ այս փաստաթուղթը չափազանց կողմնակալ է, կառուցված է չհիմնավորված շահարկումների և կեղծ դատողությունների վրա, խեղաթյուրում է իրականությունը և բացահայտ քաղաքականացված բնույթ ունի»:

 

Բացի Ռուսաստանից, այս բանաձևին դեմ են քվեարկել նաև Հայաստանը, Բոլիվիան, Վենեսուելան, Չինաստանն ու Կուբան: Չինաստանի ներկայացուցիչը ևս նկատել է՝ փաստաթղթի բովանդակությունն արդար ու օբյեկտիվ չէ:

«Նման բանաձևի նախագիծը չի նպաստի սիրիական հարցի քաղաքական լուծմանը, այն չի կարող թեթևացնել սիրիացի ժողովրդի տառապանքները»,- ասել է նա:

Փաստաթղթին կողմ են քվեարկել 47 երկրներից 27-ը: 14 պետություն ձեռնպահ է մնացել, նրանց թվում են Ուզբեկստանը, Հնդկաստանն ու Պակիստանը:

--00--ԱԹ