Փաշինյանն իրեն պահում է իբրև խմբագիր, ով պետք է վաճառի թերթի վաղվա խմբաքանակը. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

Սաղաթելյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային ելույթներն ու արտահայտությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ իր անձնական որակներով նա չի համապատասխանում այդքան բարձր պաշտոնի, ու խնդիրն ամենևին էլ վատ «PR» անողների մեջ չէ: Այս մասին Sputnik.Armenia-ի հետ զրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

Վերջին շաբաթներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հակասական հայտարարություններ է արել, մասնավորապես, «Իսկանդեր» հրթիռային համակարգերի, Су-30 կործանիչների վերաբերյալ, ինչի հետևանքով ինքն ու իր թիմի անդամները ստիպված էին կամ խմբագրել իրենց խոսքերը, արդարանալ, կամ լրացուցիչ պարզաբանումներ տալ:

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անձնային որակները որևէ չափով չեն համապատասխանում այդ պաշտոնին: Այն, որ նա իշխանության է եկել 30 տարի կուտակված, համընդհանուր հիասթափության ալիքի, էյֆորիայի և հայտնի տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, դեռ չեն նշանակում, որ նա պատրաստ է պաշտոնավարել իբրև վարչապետ»,- ասել է Սաղաթելյանը:

Նրա կարծիքով` հայ ազգի ամբողջ ողբերգությունն այն է, որ Փաշինյանն այդպես էլ չդարձավ վարչապետ: Ստեղծված դրության մեջ, ըստ Սաղաթելյանի, ՀՀ վարչապետը բավարար ունակություններ չունի` տեղեկատվություն ստանալու, տարածելու և մշակելու համար:

«Վարչապետը պարտավոր չէ փորձագետ լինել, բայց նա պարտավոր է ձգտել ազնիվ լինել... Նա հիմա իրեն պահում է իբրև թերթի խմբագիր, ով պետք է վաճառի հերթական՝ վաղվա տպաքանակը»,- նշել է Սաղաթելյանը:

--00--ԱԹ