Մեծամորում թմրավաճառության դեպք է բացահայտվել․ ձերբակալվել է և՛ վաճառողը, և՛ գնորդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որն իրացրին մարտի 20-ին։ Ժամը 12.30-ին Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կիլոմետրին նրանք կանգնեցրին «Օպել» մակնիշի մեքենան։ Թմրամիջոց պահելու կասկածանքով վարորդը բերման ենթարկվեց բաժին, իսկ «Օպելը» տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Զննությամբ 53-ամյա վարորդի մոտ հայտնաբերվեցին ծխամորճ և դեղահաբի տարա՝ կանեփ տեսակի թմրանյութի հետքերով։ Վարորդը հայտնեց, որ մեքենայում կա կանեփ տեսակի թմրանյութով փաթեթ, տեղեկություն, որ քրեական հետախույզներն արդեն գիտեին։

Հարուցվեց քրեական գործ, և դատարանի որոշմամբ նույն օրը խուզարկություն կատարվեց «Օպել» մակնիշի մեքենայում։ Պահոցից հայտնաբերվեց փաթեթը, որի մեջ կար մոտ 180 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Վարորդը ձերբակալվեց։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվեց, թե նա ումից էր գնել թմրանյութը։ Մարտի 23-ին Մեծամորի ոստիկանները մեկնեցին Արմավիր՝ 65-ամյա տղամարդու տուն։ Խուզարկությամբ հայտնաբերվեց թմրանյութ։ Ճշտվեց, որ հենց նա էր «Օպելի» վարորդին 200 հազար դրամով վաճառել 180 գրամ թմրամիջոցը։

Ձերբակալվեց նաև 65-ամյա արմավիրցին։ Նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ