Ես չեմ հավատում, որ ղեկավարը դավաճանի իր երկրին, դա աննորմալ բան է․ Աշոտ Եդիգարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Դերասան Աշոտ Եդիգարյանի հետ 24TV-ի եթերում զրուցել ենք երկրում տիրող քաղաքական լարվածության, առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների, պատերազմի և մեր ռազմագերիների ցավոտ խնդիրների շուրջ: Դերասանը նկատում է, որ խոսում են դավաճանության մասին և զարմացած հարցնում, թե ո՞նց կարող է ղեկավարը դավաճանել. «Ես չեմ հավատում, որ ղեկավարը դավաճանի իր երկրին, դա աննորմալ բան է»:

Եդիգարյանը նշում է, որ երկրում քաոս է, եթե այսպես շարունակվի, վախենում է, որ եղածն էլ կորցնենք: «Թուրքը մի առաջնորդ ունի՝ ետևից գնում է, մեզ մոտ 40 հոգի են, բոլորն էլ առաջնորդ: Պատերազմից հետո փոխանակ միավորվենք, երեք-չորս մասի ենք բաժանվել, ցույց ենք անում: Գոնե մտածենք՝ ո՞նց ետ բերենք գերիներին, իրար դեմ ենք դուրս եկել: Եթե իմանամ ցույց անելով Ալիևը ռազմագերիներին կվերադարձնի, ես հացադուլի կնստեմ: Պարտված երկրի ղեկավարը պետք է հրաժարական տա, այդպես է ընդունված աշխարհում, և լինեն նոր ընտրություններ: Ես հավատում եմ, որ ազնիվ ընտրություններ կլինեն, որովհետև նախադեպը ունեցել ենք: Ընտրություններում ում որոշի ժողովուրդը, նրան էլ արժանի կլինի: Մնում է, որ ստի դետեկտորով որոշենք, թե ով է սիրում մեր պետականությունը, նրան էլ տանենք դնենք վարչապետ»,- ասում է դերասանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ