Դատավոր Պետրոսյանին ճնշելու գործը վստահվել էր ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

փաստինֆո

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։ Եվ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։

Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ երկու աշխատակից շտապել են վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին։

Կայքին հաջողվել է պարզել, որ ԱԱԾ աշխատակիցը, որի հետ հանդիպումը մերժել էր դատավորը, եղել է անձամբ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը։  Վերջինս ՆԱՎ-ի պետ նշանակվել է վերջերս, իսկ մինչ այդ աշխատել է  ԱԱԾ-ի հենց այն ստորաժանումում, որը  զբաղվել է դատախազների, դատավորների և ընդհանրապես իրավապահ մարմիններին վերաբերող հարցերով։ Ասել է թե՝ նրան համարել են համակարգին ծանոթ մարդ ու Օնիկ Գասպարյանի գործով դատավորին վերահսկելու դերը վերապահել նրան, ինչն էլ տապալել է։

Դատավորի համարձակ վարքագիծը ու կոնտակտի դուրս չգալու քայլը խիստ «բարկացրել» է ԱԱԾ պաշտոնյային, որը որոշ զրույցներում սպառնացել է «նստեցնել» դատավորին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցների այցից հետո է դատավորը քննարկել փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել։

Լուսանկարում՝ դատավորին այցելած ԱԱԾ պաշտոնյան

--00--ԱԹ