Դոն Պիպոյի, Օշականցի Գևորիկի, Զապի սպանությունը պատրաստելու գործով անցնողներն ազատվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նկար

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի, «Օշականցի Գևորիկ» անունով հայտնի Գևորգ Մելիքյանի և «Զապ» անունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանությունը նախապատրաստելու գործով անցնող անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել։ Դատախազությունը բողոքներ է ներկայացրել նրանց ազատ արձակելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ, գրում է «Հետք»-ը։

Գործով ամբաստանյալները չորսն են՝ Զոհրաբ Ղումաշյանը, Արկադի Քոչինյանը, Արտակ Այվազյանը և Վազգեն Ղազախեցյանը։

«Զոհրաբ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղազախեցյանն ու Արկադի Քոչինյանն, ըստ մեղադրանքի, քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կատարել են երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։

Այս գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2018 թվականի մայիսի 30-ին, մակագրվել դատավոր Վահե Խալաթյանին։ Մեզ հետ զրույցում Զուհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալ Զոհրաբ Ղումաշյանի կալանվորման վերաբերյալ իրենց բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է, ապա արձանագրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի, այսինքն՝ ազատության և անձնական անձեռնմխելության իրավունքի խախտում, որից հետո իրենք դիմել են դատարան՝ ՄԻԵԴ-ի որոշման հիմքով Զումաշյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությամբ, սակայն Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էական կարգապահական խախտում թույլ տալու հիմքով դատավոր Խալաթյանի լիազորությունները դադարեցվել են։ Գործը մակագրվել է  այլ դատավորի՝ Արթուր Ադամյանին, ինչը ենթադրում էր, որ գործը պետք է վերսկսվի։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Լուսանկարում՝ Ձախից՝ Անդրանիկ Սողոյանը, Արթուր Ասատրյանը, Գևորգ Մելիքյանը։

--00—ԼՄ