ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև ստորագրվել է մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն հակամենաշնորհային/մրցակցային օրենսդրության խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրությունների իրականացման, իրավակիրառ պրակտիկայի, աշխատակիցների որակավորման բարձրացման և մեթոդների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով փորձի փոխանակման միջոցով:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդգծել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության բարձր մակարդակն ու բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ հուշագրի ստորագրումով հիմքեր կդրվեն այդ գործակցությունը խորացնելու և որակապես առավել բարձր մակարդակի հասցնելու համար:  Այս համատեքստում հատկապես կարևորվել է նոր և միասնական մոտեցումների կիրառումը տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ:

Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս: 

--00—ԼՄ