Մարդիկ ասում են` Նիկոլ, «դավաճան». մեկը կարո՞ղ է բացատրել, թե մեր դավաճանությունն ինչում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի և Օհանավան համայնքներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին և նրանց ընտանիքներին:

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.

 «Հասկանալի է, որ գյուղերում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում, և որոնց լուծմամբ մենք պետք է զբաղվենք։ Բայց հասկանալի է, որ այսօր բոլորիս և, համոզված եմ, ձեր ուշադրության կենտրոնում ավելի շատ ուրիշ հարցեր են՝ կապված Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրադրության հետ։ Եվ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի մտքերով, որպեսզի նաև մեր հետագա անելիքների մասին կարողանանք որոշումներ կայացնել:

Ըստ էության, կարևոր մի փաստ կա, որը մենք կարծես թե բավարար չափով չենք արձանագրել. հինգ ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան իրավիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ։ Գիտեք, որ իշխանությունը և կառավարությունը շատ ագրեսիվ ձևով հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել, գիտեք, թե ինչպիսի ելույթներ, կոչեր են հնչում։ Եվ գիտեմ, որ շատերը, այս իրադրության հետ կապված, ունեն բազմաթիվ հարցեր, դժգոհություններ, պահանջներ: Բայց ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը և արձանագրել. այն վիճակը, որ այսօր Հայաստանում ունենք՝ աննախադեպ է, որովհետև այսպիսի ծանր պատերազմից հետո, հինգ ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից։

Ըստ էության՝ այո, այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, և նրանք ամեն օրվա, անգամվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են: Բայց ուզում եմ արձանագրենք, որ այս հակադրության ընթացքում հնարավոր է եղել քաղաքացիական բախումներից խուսափել, և սա չափազանց մեծ ձեռքբերում է։ Ուզում եմ նաև արձանագրենք, որ սա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետև ժողովուրդը՝ դուք, թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան։ Սա շատ կարևոր արձանագրում է: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների սպանությունների, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում: Մենք հանգում ենք իրավիճակի, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը։ Իրավապահ մարմինները ձերբակալում են, տանում են կալանավորելու, նրանք ասում են՝ ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր հանձնարարությունների և ձեր, այսպես ասած, «առաքելության» իրականացումը։
Ես գիտեմ, որ այս պահին ձեզ մոտ ծագում է հաջորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, որը շատ արդարացի և ճիշտ հարց է։ Հասկանում եմ, որ մենք պետք է այս հարցին պատասխանենք: Եվ ի՞նչն է պատճառը, որ նրանք դեռևս կան։ Գիտեք ինչ, ժողովուրդ, մենք մեկ շատ մեծ թերություն և մեկ շատ մեծ առավելություն ունենք։

2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել հեղափոխությունը, այն ժամանակ պարտավորություններ ենք ստանձնել։ Ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր, վենդետաներ չեն լինելու։ Մենք ասել ենք, որ յուրաքանչյուրն այս պրոցեսի մեջ ունենալու է իր հնարավորությունը, և սա ընկալել ենք որպես ձեր առաջ ստանձնած պարտավորություն, ու հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը։ Քաղաքական առումով սա գուցե հիմա պարզվում է, որ ահավոր մեծ սխալ է եղել, բայց բարոյական առումով մենք չէինք կարող ձեր առաջ պարտավորություն ստանձնել և չկատարել։

Որոշ շրջանակների կողմիցն սա շատ է շահարկվում ՝ սրա պատճառներից մեկը նաև այն է եղել, որ մեր հեղափոխության հիմքում դրված են եղել քրիստոնեական արժեքները, և սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Իսկ ի՞նչ կապ ունի այս ամեն ինչը քրիստոնեական արժեքների հետ: Կապ ունի այնքանով, որ քրիստոնեության ամենամեծ առաքյալներից մեկը՝ Պողոս առաքյալը, քրիստոնեությունը և քրիստոնյաներին հետապնդող ամենադաժան պաշտոնյաներից մեկն է եղել։ Եվ մենք հավատացել ենք ու հավատում ենք մարդու փոփոխությանը: Բայց նաև հասկանում ենք, որ դրան կա ժամկետ, կա չափ, կա սահման, և հիմա ակնհայտ է, որ շատ-շատերն այդ սահմանն ուղղակի հատել են՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ իրավական, և սա այն խնդիրն է, որ մեր առաջ կանգնած է։

Այո, այս պայմաններում և ի հեճուկս իմ ասածի՝ այսօր Հայաստանում կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են արյուն»:

Ամբողջությամբ` այստեղ:

--00--ԱԹ