Սյունիքում պատերազմի ընթացքում կամավորներին տրամադրված զենքի հավաքագրման հարցն է քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

դատախազություն

Սյունիքի մարզի դատախազությունում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն՝ մարզի տարածքում բնակարանային գողությունների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձարձակված ագրեսիայից պաշտպանվելու նպատակով մարզի բնակչությանը հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման, դրանց հետագա պահպանության միջոցառումների օրակարգով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մարզի դատախազի կողմից անցկացված խորհդրակցությանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, մարզի Գորիս, Կապան, Տաթև և Մեղրի խոշորացված համայնքների ղեկավարները:  

Խնդիր է դրվել քարտեզագրել բնակարանային գողությունների կատարման համար ռիսկային բնակավայրերը, միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, բնակավայրերում ավելացնել տեսախցիկների թիվը, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև այլ հանցագործությունների կանխման, բացահայտման առումով:

Նշվել է, որ ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր, առանձնատնային գոտիներ մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, վարչական տարածքների մուտքային և ելքային հատվածներում և այլ վայրերում գործարկվել է ընդհանուր 89 տեսախցիկ:

Համայնքապետերը պատրաստակամություն են հայտնել միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու, համայնքի, հնարավոր բարերարների աջակցությամբ ինչպես Մ-2 միջպետական մայրուղում, այնպես էլ վերոնշյալ անհրաժեշտ վայրերում տեսախցիկներ ավելացնելու ուղղությամբ։

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախականխման ու կանխարգելման շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզային ոստիկանությանը հանձնարարվել է առավել ակտիվացնել համապատասխան պրոֆելակտիկ աշխատանքները անչափա­հասների հետ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից հաճախակի դարձնել դպրոցներ, այլ հաստատություններ այցելությունների, անչափահասների հետ դաստիարակչական, իրազեկման, կրթական բնույթի հանդիպումների կազմակերպումը, մեծացնել հանցավոր հակումներ ունեցող անչափահասների վարքագծի նկատմամբ հսկողությունը: Կարևորվել է համայնքներում անչափահասների ներգրավմամբ և նրանց առօրյան կազմակերպելու համար մարզական, մշակութային միջոցառումների կազմակերպումը:

 Մանրամասն քննարկման առարկա են դարձել պատերազմի ընթացքում մարզի բնակավայրերի պաշտպանության կազմակերպման նպատակով մարզի բնակիչ կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման խնդիրները՝ որպես հրազենի գործադրմամբ հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելման, հասարակական կարգին սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու կարևոր նախապայման: Նման գործընթացի հետևողական իրականացման հանձնարարությունը տվել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ 2021թ.-ի փետրվարի սկզբին Սյունիքի մարզի դատախազության տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ:

Ըստ այդմ՝ խորհրդակցության ընթացքում մարզի դատախազության կողմից շեշտվել է կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման գործըթնացի արագացումը, դրանց հետագա պահպանման նպատակով զինանոցների կառուցումը և բաշխված զենք-զինամթերքի շրջանառության խստիվ կանոնակարգումը: Այս առումով խնդիր է դրվել համագործակցել մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պարբերաբար հրավիրվող խորհրդակցություններ՝ գործընթացի արդյունքները քննարկելու, հընթացս առաջացող խնդիրները հնարավորինս արագ և համակարգված ձևով լուծելու, այս ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով:  

  --00—ՄՀ