Կորոնավիրուսի պատճառով ԵՊՀ-ն մեծամասամբ անցնում է հեռավար ուսուցման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

ԵՊՀ

Վերջին շրջանում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, դրանով էլ պայմանավորված ուսումնական հաստատությունները, փորձելով գնահատել հնարավոր ռիսկերը, ուսուցումը հեռավար թե առկա եղանակով կազմակերպելու հնարավորությունն են ուսումնասիրում եւ փորձում գտնել ճիշտ լուծում:

«Կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ Երեւանի պետական համալսարանն այսօրվանից մեծամասամբ անցնում է հեռավար ուսուցման»,- այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին Տերյանը:

Նա նաեւ նշեց, որ ԵՊՀ-ում դասախոսությունները կարվեն հեռավար, իսկ գործնական պարամունքները՝ կամ առկա կամ հեռավար: Դա թողնված է ֆակուլտետների հայեցողությանը:

«Առկա եղանակով առավելապես կարվեն գործնական լաբորատոր պարապմունքները, իսկ  այն գործնական պարապմունքները, որոնք կարելի է հեռավար կազմակերպել, կանցկացվեն հեռավար »,- նշեց ԵՊՀ մամուլի խոսնակը:

Մյուս բուհերից եւս հետաքրքրվեցինք՝ դասերի կազմակերպման որ եղանակով են շարունակելու գործել:

Բժշկական համալսարանի լրատվականից հաղորդեցին, որ դասերի՝ հեռավար եղանակին անցնելու որոշում դեռ չկա, եւ Երևանի պետական բժշկական համալսարանում դասերը դեռ շարունակվելու են առկա եղանակով: Նույն պատասխանը ստացանք նաեւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ու Պոլիտեխնիկական համալսարանում եւս փոփոխություններ չկան. դասերը շարունակվելու են իրականացվել հիբրիդային եղանակով ՝ հեռավարի եւ առկայի համադրությամբ: 

--00—ՄՀ