Չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Թուրքիա

 

Թուրքիան հերթական անգամ հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այդ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նշվում է, որ 7 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում «անօրինական» հանրաքվե է անցկացվել, որի արդյունքներն օգտագործվել են որպես պատրվակ Ռուսաստանի կողմից Ղրիմի «բռնակցման» համար:

«Թուրքիան մեծապես կարևորել և կարևորում է Ղրիմ թերակղզու էթնիկ բնակիչներ հանդիսացող ղրիմցի թաթարների անվտանգությունը, բարօրությունը և մշակութային անհատականության պահպանումը»,- ասվում է հայտարարությունում:  

Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Ղրիմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 

--00—ՄՀ