Ցավալի օր է․ որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

․

«Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ ՀՖՖ–ի անարդարությունների դեմ պայքարի շրջանակում ստիպված է եղել դադարեցնել «Լոռի» թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում։ Գրառման մեջ ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ Լոռի ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց` չսկսելով հանդիպումը Երևանի Արարատի հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում Լոռիի երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։

Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել Լոռի ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։

Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. Լոռին կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ` պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»։

--00--ԱՀ