Ադրբեջանի կողմից օկուպացված համայնքներում գործած 520 հարկատու կազատվի պարտավորությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News   

հարկ

Արցախի պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, ըստ որի հարկային պարտավորություններից ու պարտադիր այլ վճարներից կազատվեն արցախցի այն առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք փաստացի գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած համայնքներում: Այս մասին հայտնում է Արցախի պետեկամուտների կոմիտեն:

«Որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել 5-օրյա ժամկետով, որից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը»,-հայտնեցին ՊԵԿ-ից:

Ըստ նախանշված ցանկի՝  ընդհանուր առմամբ 196 միլիոն 904 հազար դրամի չափով հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից նախատեսվում է ազատել շուրջ 520  առևտրային կազմակերպության ու անհատ ձեռնարկատերերի, որոնք փաստացի գործունեություն են իրականացրել ռազմագործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում:

 --00—ՄՀ