ՀՀ-ի 20 զբոսաշրջային ընկերություն կմասնակցի ՌԴ և ԱՊՀ երկրների առաջատար ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․

Ս.թ. մարտի 16-18-ը Հայաստանի 20 զբոսաշրջային ընկերություն պետական տաղավարով կմասնակցի ՌԴ և ԱՊՀ երկրների առաջատար ցուցահանդեսին՝ MITT Moscow 2021։ Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից վերջերս հրապարակված մամլո հաղորդագրության մեջ առանձնահատուկ շեշտադրվում է Հայաստանի՝ մեծ կազմով մասնակցությունը։ 

Այսօր Զբոսաշրջության կոմիտեում Մարքեթինգի վարչության խորհրդական Անի Արևշատյանը հանդիպում էր անցկացրել մասնակից ընկերությունների հետ՝ ներկայացնելու Հայաստանի պետական տաղավարի ավարտուն տեսքն ու կառուցվածքը։

Մասնակիցների հետ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ռուսական շուկայում Հայաստանի դիրքավորմանը, զբոսաշրջային առաջարկներին, ցուցահանդեսի ընձեռած հնարավորություններին` նոր գործընկերային կապերի ստեղծման համար։ Մոսկվայի ցուցահանդեսն անմիջապես հետևում է ITB Berlin առցանց ցուցահանդեսին, որն այսօր ավարտվում է։

Առավել քան երբևէ Հայաստանը կարիք ունի միջազգային զբոսաշրջային շուկաներում լավագույնս ներկայանանալու և զբոսաշրջիկներ ներգրավելու։ Նման ակտիվությունը զբոսաշրջային սեզոնին ընդառաջ թույլ կտա համավարակից ամենաշատը տուժած ոլորտին նոր շունչ առնել և վերականգնվել։

--00--ԱՀ