Ադրբեջանը ոչնչացնում է ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ հաղթանակում ներդրւմ ունեցած մարդկանց հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը News.am լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայերում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացումը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից:

«Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի օկուպացված տարածքներում չի տարբերվում ցանկացած զավթչի և բռնազավթողի պահվածքից. ոչնչացվում է մշակութային ժառանգությունը, կողոպտվում է ունեցվածքը: Սակայն այստեղ նկատվում են նաև հստակ արտահայտված աշխարհաքաղաքական միտումներ: Մասնավորապես՝ ակտիվորեն ոչնչացվում են հուշարձանները և, ընդհանրապես, այն գործիչների հիշատակը, որոնք ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ Սովետական ​​Միության հաղթանակի և շագանակագույն ժանտախտից մարդկության փրկության գործում:

Շուշի քաղաքում ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայտնի ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, որի արժանիքներն ու գործերը ոսկե տառերով են գրված Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ:

Մի քանի օր առաջ ոչնչացվել է լեգենդար անձնավորություն, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորի Թևոսյանի հուշարձանը: Հենց Թևոսյանի շնորհիվ է ԽՍՀՄ-ը կարողացել գրեթե առանց կորուստների տարհանել արդյունաբերությունը երկրի արևմտյան շրջաններից Ուրալ և այդպիսով փրկել այն, առանց որի անհնար կլիներ արդյունավետ թիկունք ստեղծել և հաղթել պատերազմը: Թևոսյանը նաև առանցքային մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ ատոմային նախագծում:

Մեծ մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի հայրենիքում` Չարդախլու գյուղում, վաղուց ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի այս ականավոր հրամանատարների հուշարձանները: Մեծ հայերի` Թևոսյանի ու Բաղրամյանի արժանիքներն այնքան մեծ են, որ նրանց աճյունները հանգչում են Կրեմլի պատի մեջ:

Ոչնչացվել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանը Մեծ Թաղեր գյուղում, Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովինը՝ Ազոխ գյուղում, իսկ Հադրութի շրջանում ոչնչացվել է ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակը:

Թվարկված օրինակները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների գործողությունների պանթուրքական բնույթը: Ֆաշիզմի դեմ պայքարած մարդկանց հիշատակի ոչնչացումը աջակցություն է ֆաշիզմին: Այս ամենն ուղղված է ոչ միայն և ոչ այնքան հայ ժողովրդի, որքան բոլոր այն երկրների դեմ, որոնք մասնակցել են և միլիոնավոր մարդկանց կյանքի գնով հաղթել են Երկրորդ աշխարհամարտում և Հայրենական մեծ պատերազմում, առաջին հերթին` Ռուսաստանի դեմ:

Սակայն ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացած առիթով խոսում է Նժդեհի մասին, օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ հարձակումների համար: Մինչդեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բոլոր բնակավայրերում պղծվել են Հայրենական մեծ պատերազմի գրեթե բոլոր հուշարձանները: Ամենալկտի գործողություններից մեկը հուշարձանի պղծումն էր Ավետարանոց գյուղում:

Մենք մեր պարտքն ենք համարում մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վանդալիզմի և նեոֆաշիզմի այս դրսևորումների վրա»։

--00--ԱԹ