Հնարավոր բոլոր կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Արմեն Գրիգորյան

Հայկական կողմի համար որպես հիմք հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի մեջ միջանցքի մասին որևէ խոսք չկա: Երբ ասում ենք ապաշրջափակում, այդ ապաշրջափակումը ամբողջական իմաստ պետք է ունենա: Բոլոր հնարավոր կումունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, որը առաջնային է մեզ համար: Այս մասին Սիվիլնեթին տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների և այդ համատեքստում Իլհամ Ալիևի արած հայտարարությունների մասին, ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ապաշրջափակման գործընթացի վրա Ալիևի հայտարարությունները որևէ դրական ազդեցություն չեն ունենում: Եթե Ադրբեջանը շարունակի նման հայտարարություններ անել, որոնք չեն նպաստում նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացմանը, ապա խնդիրներ են առաջանալու»,- ասաց Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը նկատեց՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունները, որ Զանգեզուրը որպես միջանցք են օգտագործելու և այդպիսով կապվելու են Նախիջևանի և Թուրքիայի հետ, ավելորդ խնդիրներ են առաջացնում:

«Ալիևի կողմից արված այս հայտարարությունները ավելի շատ ցույց են տալիս, որ գործընթացը առաջ գնալու խնդիրներ ունի»,- նշեց ԱԽ քարտուղարը:

--00--ԱՀ