Մարալ Նաջարյանը մանրամասներ է ներկայացրել իր գերեվարման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

հարցազրույց

Գերեվարված Մարալ Նաջարյանը մարտի 10-ին ազատ արձակվելուց և Բեյրութ վերադառնալուց հետո հարցազրույց է տվել լիբանանյան «Արարատ» օրթաթերթին և մանրամասներ պատմել իր գերի ընկնելու մասին։ Այս մասին հայտնում է Hayernaysor-ը:

«Սեպտեմբերի 16-ին ենք ցանկացել գնալ Արցախում հաստատվել: Երբ պատերազմը սկսեց, ես և քույրս վերադարձանք Երևան։ Իսկ Վիգենը՝ նշանածս, կամավորագրվեց Մարտունու շրջանում։ Նոյեմբերի 10-ին, երբ լսեցի, որ Շուշին գրավել են, նշանածիս հետ որոշեցի գնալ Շուշի և մեր իրերը բերել», - պատմել է նա։ 

Մարալի խոսքով՝ նախ գնացել են Բերձոր, հետո Շուշի, սակայն Շուշիի մուտքի մոտ հասնելուն պես տեսել են, որ փակ է ճանապարհը, նրանց մոտեցել են ադրբեջանցի զինվորականներ. 

«Սկզբում մեր հեռախոսները վերցրին մեր ձեռքից, հետո դրամապանակները և մյուս իրերը։ Այնուհետև մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղությամբ», - պատմեց Մարալը։

Մարալ Նաջարյանը պատմում է, որ իրենց տեղափոխել են Բաքու և բանտում պահել, որտեղ էլ նրանց հարցաքննել են։

«Մինչև փետրվարի 12-ը ոչ ոքի հետ տեսակցություն չի եղել, ինձ առանձին սենյակում էին պահում։ Փետրվարի 12-ին Կարմիր խաչից երկու կանայք եկան ինձ մոտ և հարցազրույց ունեցան ինձ հետ։ Ինձ ասացին, որ մոտ ժամանակներս պետք է ազատվեմ։ Ուրախությանս չափ չկար, նրանք ինձ հույս տվեցին», - պատմեց նա։

Մարտի 10-ի առավոտյան Մարալին օդանավակայան են ուղեկցել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչից հետո էլ նա վերադարձել է Բեյրութ։ 

Հարցազրույցի վերջում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Լիբանանի Արտաքին գործերի նախարարությանը, կուսակցություններին և Հայաստանին՝ ստացած աջակցության համար։ 

--00--ԱԹ