Լիբանանի ԱԳ նախարարը երախտիքի խոսք է հղել Մարալ Նաջարյանի ազատ արձակվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News     

Լիբանան

Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային գործակալությունը:

«Վեհբեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Նաջարյանի ազատ արձակումը, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը, Ադրբեջանին և Հայաստանին»,- ասվում է ազգային գործակալության հրապարակման մեջ:

Մարալը Նաջարյանն ադրբեջանական բանակի կողմից գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետևողական աշխատանքի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ջանքերի շնորհիվ նա ազատ էր արձակվել, և մարտի 10-ին վերադարձել էր Լիբանան։

 --00—ՄՀ