Բոստոնի քաղաքապետը ներողություն է խնդրել հայերից՝ Ադրբեջանին սատարող հայտարարության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

Բոստոն

Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը ներողություն է խնդրել հայերից` ավելի վաղ Խոջալուի դեպքերի առնչությամբ ադրբեջանական կեղծիքին սատարող հայտարարություն անելու համար։ Նա նաև պաշտոնապես չեղարկել է իր հռչակագիրը։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

«Ցավոք, հռչակագիրն ընդունվել էր՝ առանց ընթացակարգին բնորոշ ուսումնասիրության։ Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ այն ցավոտ էր շատերի համար։ Եվ ես վճռեցի չեղարկել այն»,- հայտարարել է Ուոլշը։ Քաղաքապետը նաև դրվատանքի խոսքեր է ասել հայերի մասին՝ շեշտելով մեր հայրենակիցների մեծ ներդրումը Բոստոնի զարգացման գործում: Նա շեշտել է Հայկական ժառանգության պուրակի մասին, որը համայնքը հիմնել է քաղաքի սրտում։ Ուոլշը նաև հիշել է, որ 2015 թ. մասնակցել էր Հայոց ցեղասպանության հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին և ընդգծել, որ մեծ կարևորություն է տալիս հայ համայնքի և Հայաստանի հետ հարաբերություններին։

 --00—ՄՀ