Գանձակում վեճի պահին 23-ամյա երիտասարդը 6 անգամ դանակով հարվածել է 30-ամյա համագյուղացուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

դանակ

Մարտի 10-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Գանձակ գյուղի բնակիչ, 30-ամյա Վազգեն Ս․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Վազգեն Ս․-ի  և նրա համագյուղացու՝ 23-ամյա Հայրիկ Ե․-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով 6 անգամ հարվածել է Վազգեն Ս․-ի մարմնի տարբեր մասերին։ 

Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ մարտի 11-ին, գիշերը՝ ժամը 02։40-ի սահմաններում, կասկածյալ Հայրիկ Ե․-ն մեղայականով ներկայացել է Գավառի ոստիկանություն։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։ Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 

--00—ԼՄ