Երևանի քաղաքապետարանն անցկացրել է Մարտի 8-ի սոցիալական բաղադրիչ ներառող միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

․

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մշակութային ծրագրերն այս տարի առավելապես սոցիալական ուղղվածություն են ունեցել: Տոնական միջոցառումներին մասնակցելու հնարավորություն են ստացել միակողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքների մայրերը, արցախցի կանայք: 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի թատերահամերգային դահլիճներում և թանգարաններում շուրջ 4500 այցելուների համար կայացել են բազմաժանր միջոցառումներ. 13 թատերական ներկայացում, համերգային 2 ծրագիր, 3 ցուցահանդես և 1 կինոցուցադրություն:

Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են, որ Մարտի 8-ի միջոցառումներին այս տարի՝ օրվա խորհրդին համահունչ ծրագրով միացել են նաև երևանյան թանգարանները: Մասնավորապես, Երևան քաղաքի պատմության թանգարանում «Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը», ինչպես նաև «Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը» խորագրերով ցուցահանդես է անցկացվել: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կանանց հյուրընկալել է «Կինը և Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» ցուցադրությամբ, իսկ Ժամանակակից արվեստի թանգարանում «JAZZ-ART-FASHION» ցուցահանդես-միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում ելույթ է ունեցել հայտնի ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը:

--00--ԱՀ