Ամփոփվել են Արարատի մարզի առողջապահության ոլորտում 2020թ. իրականացված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

․

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ներկա է գտնվել մարզի առողջապահության ոլորտում 2020 թվականին իրականացված աշխատանքների ամփոփմանը։ Մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը մասնակցել են մարզի բուժհաստատությունների և Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) «Արարատ» մասնաճյուղի ներկայացուցիչները։

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին 2020 թվականի ծանր աշխատանքային տարվան պատվով դիմակայելու, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ընթացքում, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների համար, ապա շեշտել, որ պետք է ամեն ջանք գործադրվի՝ բուժծառայությունների որակը կատարելագործելու համար։

Ամփոփելով 2020 թվականի Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, բուժկազմակերպությունների գործունեությունը՝ վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, մասնավորապես, ներկայացրել է 2020 թվականի պատվաստումների կատարողականի վերլուծությունը։ Բացի այդ, խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նախազորակոչային պատվաստումներին վերաբերող և աշխատանքային այլ հարցեր։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի մասնագետներն էլ իրենց հերթին խոսել են կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների մասին։

2020 թվականի ընթացքում ոլորտի մասնագետների աշխատանքն առավելագույնս է գնահատվել ազգաբնակչության կողմից և ըստ այդմ՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է շնորհակալագրեր՝ մի շարք բուժհաստատությունների բարեխիղճ աշխատանքի համար։

--00--ԱՀ