Ճանապարհ եմ ցույց տալիս վարչապետին ու ԳՇ-ին, որ երկիրն այս վիճակից հանենք. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ճանապարհ եմ ցույց տալիս վարչապետին ու ԳՇ-ին՝ երկիրն այս վիճակից հանելու համար։ Նիկոլ Փաշինյանը, եթե հրաժարական տա և գնանք ընտրության, Գլխավոր շտաբի հետ ծագած խնդիրը, ինքնըստինքյան, կլուծվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մանրամասնելով, թե ինչ են խոսել Փաշինյանի հետ հանդիպմանը՝ Մարուքյանն ասել է. 

«Վարչապետին ուղիղ հարց եմ տվել՝ դու հրաժարական կտա՞ս առանց ԳՇ խնդիրը լուծվելու, ասել է՝ ոչ։ Ո՞նց կտա հրաժարական, եթե բանակն այս պահին չի ենթարկում, այստեղ պրոբլեմ կա։ Այսինքն՝ ինքն ուզում է այդ խնդիրը լուծել, նոր գնա ընտրության։ ԳՇ պետի ազատումը խնդրի լուծում չէ։ Դրա համար պետք է զիջումային լուծում լինի։ Իմ առաջարկը հենց դա է»,- ասել է նա։ 

Ըստ նրա՝ արտահերթ ընտրություն լինելու է, վարչապետն այլընտրանք չունի։ 

«Վարչապետը հրաժարական է տալու, ցրվելու է խորհրդարանը, գնալու ենք ընտրության, ԳՇ պետի հարցն էլ այդ համատեքստում պետք է քննարկվի։ Երեկ չի համաձայնել, կհամաձայնի վաղը կամ մյուս օրը, չի կարող չհամաձայնվել»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ