Ռազմաճակատում եք, հետևում Հայաստանն է․ ձեր որոշումից շատ բան է կախված. Մանուկյանը՝ բանակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Մենք կորցրել ենք հայրենիքի մի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիևն արհամարհանքով խոսում է հայերի մասին. արհամարհված ժողովուրդ ենք, իսկ մենք համբերատար տանում ենք մեր պայքարը: Այս մասին այսօր Բաղրամյանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այստեղ հավաքվածները այս կամ այն ձևով կապված են հայրենիքի փրկության հետ, բայց այն մարդիկ, որ պահանջում են Փաշինյանի հրաժարականը, և միացած չեն մեզ, անհամեմատ ավելի շատ են: Նրանց կոչ եմ անում՝ էս հայրենիքը միայն մերը չէ, ձերն էլ է, ուզում եք միանալ`միացեք, ուզում եք համագործակցել` համագործակցեք, չեք ուզում համագործակցել` ստեղծեք ձերը»,- նշեց նա:

Մանուկյանի խոսքով` այլևս համբերել հնարավոր չէ, մեր աչքի առջև մահանում է պետությունը: Նրա գնահատմամբ՝ պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, մեզանից է կախված, որ թափթփուկ, անպիտան մարդիկ նստել են ղեկին: Փաշինյանի հենարանը, ըստ Մանուկյանի, մնացել է ոստիկանությունը, նա, փող բաժանելով ոստիկանությանը, փորձում է պահել իր իշխանությունը:

«Հիմա նոր բան են հնարել`ընտրություններ. մենք ենք ասում` իսկապես մի օր պետք է կազմակերպել ընտրություններ, որ ժողովուրդն իր կամքով ընտրի իր ղեկավարին, բայց ոչ իր օրոք, ինքը ոչ բարոյական իրավունք ունի, ոչ հնարավորություն, ո՞նց կարող են լինել ընտրություններ ոստիկանական պետությունում: Այս պետությունն արդեն ժողովրդավարական չէ, ոստիկանական է»,- ասաց նա:

Մանուկյանն անդրադարձավ նաև բանակին ուղղվող կոչերին` կապված ԳՇ պետի պաշտոնանկության գործընթացի հետ:

«Ասում են սենց կլինի, հետո սենց, հետո դատարան. բանակը ի՞նչ գործ ունի դատարանի հետ, պիտի ասի` ես թքած ունեմ ձեր հրամանների վրա, ես հիմա ռազմաճակատում եմ, ինձ ո՞վ կարա հանի: Դուք հիմա ռազմաճակատում եք, ձեր մեջքի հետևում Հայաստանն է, ոչ մի հրամանի չենթարկվեք»,- կոչ արեց նա:

--00--ԱԹ