Որոտանի հարակից երկուհարկանի շենքը թուրքի ձեռքն է, դիմացը քանդում են. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Որոտանի գյուղապետ

Որոտանի հարակից տարածքում ադրբեջանցիները նախօրեին ինժեներական աշխատանքներ են սկսել և խրամատներ են փորում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը։

«Որոտանի հարակից տարածքի 2 հարկանի շենքը, որը թուրքերի ձեռքն է ընկել, այ դրա դիմացը քանդում են և ինժեներական աշխատանքներ կատարում։ Մենք չգիտենք, թե ինչ են ուզում սարքեն, չգիտենք՝ ինքնապաշտպանություն են ուզում անեն, թե ուրիշ բան են ուզում կառուցել, միայն կարող եմ ասել, որ իրենք իրավունք չունենք ինչ-որ բան քանդել, որովհետև այդտեղ խրամատներ չպետք է լինեն»,- ընդգծել է Օհանջանյանը։

Որոտանի վարչական ղեկավարն ասել է, որ հայկական կողմից պաշտպանական ու ազգային անվտանգության մարմինները պետք է ճշտեն ու պարզեն, թե ինչ են ուզում անել ադրբեջանցիները։

«Գուցե իրենք արդեն զբաղվում են այդ հարցով, բայց ես չգիտեմ այդ մասին»,- նկատել է գյուղի վարչական ղեկավարը։

Սուրիկ Օհանջանյանի խոսքով՝ գյուղում խուճապային տրամադրություններ չկան։

Նշենք, որ նախօրեին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում.

«Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչեւ Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին պատասխանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը»։

--00--ԱԹ