ՓՊ-ն կոչ է անում զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու պետտուրքի արտոնություն կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

ՓՊ

Հետպատերազմյան խնդիրներով պայմանավորված՝ փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպանները, շարունակում են իրավաբանական օգնություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց դատարան դիմելու միջոցով անհայտ բացակայող ճանաչելու հարցում, պետության կողմից սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով:

Ցավոք, գործնականում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ դատարանները մերժել են քաղաքացիների միջնորդությունները պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու վերաբերյալ:

Դատարանները մերժվել են նաև հանրային պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, այն դեպքում, երբ հանրային պաշտպանները, օրենքի համաձայն, անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում անվճարունակ և պետության հոգածության ներքո գտնվող խմբերի անձանց:

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում դատարաններին նշված գործերով պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունները քննելիս հաշվի առնել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների մոտ առաջացած հնարավոր նյութական խնդիրները, ինչպես նաև նրանց նկատմամբ պետության բարոյական և իրավական պարտականությունների առաջնահերթությունները:

Միաժամանակ, ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, ի թիվս այլ առաջարկների, ՀՀ Փաստաբանների պալատն օրենսդրական նախագծի տեսքով առաջարկ է ներկայացրել Կառավարությանը՝ նշված գործերով ներկայացվող դիմումների համար պետական տուրքից ազատելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:

Նշվածին զուգահեռ, կոչ ենք անում Կառավարությանը, մինչ օրենքում լրացում կատարելու միջոցով հարցի կարգավորումը, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով արտոնություն սահմանել ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց անհայտ բացակայող ճանաչելու պահանջներով:

--00—ՄՀ