Հայրենիքը սրբազան կատեգորիա է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

1.jpg

Հայրենիքը չեն քննարկում: Նրան սիրում են խելահեղ սիրով, ծառայում անմնացորդ նվիրվածությամբ: Հայրենիք՝ նշանակում է անձնական «ես»-ը ստորադասել Հայրենյաց «ես»-ին: Հայրենիքը անփոխարինելի, անխորտակելի, հավիտենական Սեր է: Այս արհավիրքից մենք պետք է դուրս գանք կրկնապատկված համոզմունքով՝ չլքել մեր պաշտելի հայրենիքը, չունենալ կորուսյալ Հայրենիքի զգացողություն, որտեղ ունեցել ենք պայքարի, դառնության, ուրախության և հաղթանակի օրեր: Չպետք է թույլ տանք, որ մեր բոլոր ձեռքբերումները փլվեն ու կուլ գնան այս ապազգային, հայրենավաճառ խմբակի վառած խարույկի բոցերում: Փորձենք շրջել ժամանակը: Թույլ չտանք, որ այն տանի մեզ դեպի անորոշություն, դեպի հոգևոր անհետացում: Հայրենիքն ու մեր ինքնատիպ, իր նմանը չունեցող մշակույթը սիրող ու նրանցով ապրող յուրաքանչյուր հայի համար հասկանալի պետք է լինի ազգային ճակատագրի ընդհանրությունը: Համախմբե՛լ ազգի հոգևոր և մտավոր բոլոր ուժերը: Մենք պետք է զգոն լինենք Նիկոլի և հատկապես նիկոլիզմի՝ մեր ուժերը ջլատող էլեմենտների, նկատմամբ: Անկոտրում կամքով պետք է միավորվենք ներքին թշնամու դեմ և խիզախորեն մաքրենք մեր Հայրենիքն օտարի կամքը իրականացնող, օտարամոլ, ծախու գործակալներից:

Մեր հայրենիքը պահողը մեր բանակն է: Եվ ելնելով տարածաշրջանի քաղաքական իրադրությունից, մենք պետք է լինենք միասնական, սպառազինված ազգ: Բանակը մեր ժողովրդի, մեր երկրի ողնաշարն է, մեր աչքի լույսը, մեր Ներկան ու Ապագան, մեր ձգտումների ապահովողը: Մեր զինվորը «խաղաղ» պայմաններում ծառայող պարզ զինվոր չէ, նա ճակատային է: Մեր ամբողջ հայրենիքն իր սահմաններով՝ ճակատային է: Յուրաքանչյուր սահմանային գյուղ պետք է դարձնենք լիարժեք կյանքով ապրող հզոր բնակավայր-ռազմակայան: Մենք պետք է հպարտ լինենք, որ Հայրենիքի Պաշտպանության համար զոհված ու չզոհված մեր երդվյալ սպաների ու զինվորների արարքներում միշտ խոսել է Մարդու, Զինվորի, Ընկերոջ, Հայրենիքի անսասան բնազդը, հերոսականը, որն իսկզբանե դրված է եղել նրանց սրտերում ու կերպար է առել «Հայրենիքը վտանգի մեջ է» բախտորոշ պահին:

Անթույլատրելի է, որ զինապարտությունից խույս տված, դասական դասալիք հանդիսացող որոշ պատգամավորներ, կառավարության անդամներ, կուսակցականներ, նրանց հարողներ, ցեխ շպրտեն փառապանծ ճանապարհ անցած մեր տաղանդավոր սպայակազմի վրա:

Եվ այսօր, այս ճակատագրական օրերին, ոգեկոչելով բոլոր ժամանակներում ընկած հերոսներին, հայտարարարում ենք. «Փառավորագույն անունների կողքին ձեր անունն ամենափառավորն է, ձեր կողքին չնչին ու աննշան է թվում որևէ ուրիշ փառք»:

Զավեն Վարդանյան

Արվեստի վաստակավոր գործիչ