Կեղծ է լուրը, թե հանրահավաքին ավտոբուսով մարդ են բերել և մեքենաներին վճարել պետբյուջեից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հերքում

Այսօր Կառավարության նիստում հավանության արժանացավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից զեկուցված՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Որոշմամբ նախատեսվում է երկարաձգել դիմումներ ներկայացնելու ժամկետները և ընդլայնել կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը։

Տելեգրամյան որոշ ալիքներ, այնուհետև լրատվական կայքեր սկսեցին գրել, թե իբր «իշխանությունը վերջին հանրահավաքին ավտոբուսներով մարդ է բերել և այդ մեքենաներին վճարում է բյուջեի միջոցներից՝ այսօրվա ընդունած որոշմամբ»։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նախագծի վերաբերյալ շահարկումներն ամբողջապես անհիմն է ու կեղծ։

Նախ պետք է հասկանալ, որ որոշման նպատակն է աջակցել կորոնավիրուսային համավարակից տուժած ոլորտներից մեկին՝ տուրիստական ուղևորափոխադրող ընկերություններին։ Այն չի կարող մեկնաբավնել որպես ուղևորափոխադրող ընկերությունների ծառայության գնում։

Բացի դրանից՝ այս նախագիծը որևէ կապ չունի և չի էլ կարող ունենալ վերջին օրերի քաղաքական իրադարձությունների հետ։ Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը ուսումնասիրել շահագռգիռ մարմինների առարկությունների և առաջարկությունների ամփոփաթերթը։ Օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը որոշմամբ նախատեսվող 50 մլն բյուջետային հատկացման մասին իր կարծիքը հայտնել է դեռևս փետրվարի 10-ին, մինչդեռ կեղծիք տարածողների մատնանշած քաղաքական իրադարձությունները սկսել են զարգանալ փետրվարի 25-ից՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո։

--00—ԼՄ