ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնն իր աջակցությունն է հայտնում ԳՇ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

գաա

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

«2020 թ․-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո զարգացող գործընթացներն էլ ավելի խորացրեցին երկրում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը:

Ցավալի է այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած հետպատերազմական խնդիրները, իսկ օրեցօր զարգացող անցանկալի գործընթացներն էլ ավելի են վտանգում մեր երկրի անվտանգությունը և տարածաշրջանի փխրուն խաղաղությունը: Վերջերս բանակի, մասնավորապես, Զինված ուժերի Գլխավոր շտաբի դեմ ուղղված ՀՀ կառավարության անհեռանկար քայլերն էլ ավելի են վտանգում Հայոց Պետականության հիմքերը:

Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում եղել է և կլինի Հայոց պետականության գոյության բացառիկ երաշխավորը:

Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Պետական գերակա շահը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին»,-նշվում է կենտրոնի տարածած հայտարարությունում։

--00—ԼՄ